Մատչելիության հղումներ

Մարիխուանան որպես երեխաների մոտ էպիլեպսիայի բուժման միջոց


ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը որպես անօրինական դեղամիջոց է դասակարգում մարիխուանան, սակայն երկրի նահանգների կեսից ավելիում դրա օգտագործումը որոշ չափով օրինականացված է:

Մարիխուանայի օրինականացման կողմնակիցները պնդում են, որ բույսի որոշ տեսակներ առողջության համար չափազանց օգտակար են, մասնավորապես քաղցկեղի, ցրված սկլերոզի և էպիլեպսիայի նման քրոնիկական վիճակների դեպքում:

Ռեյչել և Շոն Սալմեսկիների դուստր Մեգին իր կյանքի մեծ մասը անցկացրել է հիվանդանոցներում, քանի որ ծնվելուց փոքր-ինչ անց նրա մոտ գրանցվել է էպիլեպսիայի հազվագյուտ մի տեսակ, որի պատճառով նոպաները կարող են կրկնվել օրը մի քանի հարյուր անգամ:

Շոն Սալմեսկին հիշում է, որ Մեգիին նշանակված դեղամիջոցները պարզապես թմրեցնում էին իր դստերը, և նա քնում էր օրը 20 ժամ, իսկ մնացած ժամանակ որևէ ձայն չէր հանում:

Փորձելով գտնել կողմնակի ավելի թեթև ազդեցություն ունեցող դեղամիջոց` Սալմեսկի ընտանիքը տեղեկացել է Կոլորադո նահանգում Ստենլի եղբայրների կողմից մշակված «Շարլոտի սարդոստայն» անվանումը ստացած մարիխուանայի տեսակի մասին:

Մարիխուանան օրինական է Կոլորադո նահանգում, սակայն ոչ՝ Թենեսիում, որտեղ բնակվում է Սալմեսկի ընտանիքը: Այս նահանգում անհնար էր ստանալ բժշկական մարիխուանայի նշանակում՝ դաշնային օրենքով սահմանված արգելքի պատճառով:

Սալմեսկի ընտանիքը մեկ տարի առաջ տեղափոխվել է Կոլորադո, որտեղ Մեգիին օրական երեք անգամ սկսել են բուժել ձիթապտղի և «Շարլոտի սարդոստայն» տեսակի բժշկական մարիխուանայի խառնուրդով:

Բուժման արդյունքում Մեգիի վիճակը բարելավվել է, և, երեխայի հոր վկայությամբ, ընտանիքն արդեն երկար ժամանակ չի ունեցել «շտապօգնության» դիմելու կարիքը:

«Շարլոտի սարդոստայն» մարիխուանայի տեսակում թմրանյութային արբեցում առաջացնող տետրահիդրականաբիդոլ նյութի պարունակությունը շատ ցածր է: Այն սակայն ունի հակաբորբոքային կանաբիդոլ նյութի բարձր պարունակություն: Փորձագետների վկայությամբ՝ կանաբիդոլի և տետրահիդրականաբիդոլի պարունակության հարաբերակցությունը սովորաբար կազմում է 30-ը 1-ի:

Կոլորադո նահանգ մարիխուանան բժշկական նպատակներով օգտագործելու համար արդեն տեղափոխվել է էպիլեպսիայով տառապող երեխաներ ունեցող մոտ 200 ընտանիք:

Սալմեսկի ընտանիքը հուսով է, որ մարիխուանայի բուժիչ հատկությունների մասին իրազեկության տարածումը կստիպի ԱՄՆ-ի դաշնային կառավարությանը ընդլայնել այս բույսի ուսումնասիրության ծրագրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG