Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է Նիկոլայ Ռիժկովին


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ, Հայ - ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին և նրա գլխավորած պատվիրակությանը։

Ռիժկովը Հայաստանում է Հայաստանի Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստի անցկացման կապակցությամբ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ միջխորհրդարանական հանձնաժողովի երևանյան նիստի արդյունքները կնպաստեն բարձր մակարդակի հայ - ռուսական ռազմավարական գործընկերության առավել ամրապնդմանը:

Սարգսյանը բարձր է գնահատել Ռիժկովի անձնական ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման և այդ հարաբերություններում կարևոր դեր ունեցող միջխորհրդարանական կապերի սերտացման գործում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) շրջանակներում հայ - ռուսական գործակցության զարգացման հնարավորությունների ու հեռանկարի շուրջ:

Երկուստեք ընդգծվել է, որ տարբեր անհատներ, լրատվամիջոցներ ազատ են քննարկելու, քննադատելու ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը, ներկայացնելու իրենց մոտեցումները, և դա միանգամայն բնորոշ է բաց հասարակություններին, սակայն ակնհայտ է, որ ընդունված այդ կարևորագույն որոշումը բխում է երկու երկրների շահերից. ինտեգրացիոն գործընթացները միտված են առավել ամրապնդելու հարաբերությունները, նպաստելու Միության անդամ երկրների հզորացմանն ու այդ երկրների ժողովուրդների բարեկեցության բարձրացմանը, ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG