Մատչելիության հղումներ

Երևանի ավագանին քաղաքապետ է ընտրում


Մեկնարկել է Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։

Նիստի մեկնարկին ավագանու տարիքով ամենամեծ անդամը՝ «Քաղաքացիական պայմանագրից» Ալեքսանդր Ադամյանը ընթերցեց ավագանի անցած 5 ուժերի անդամների անուններն, ապա ամբիոնի մոտ հրավիրեց Երևանի քաղաքապետի միակ առաջադրված թեկնածու Տիգրան Ավանյանին, նրան ընտրվելու համար 27 ձայն է անհրաժեշտ։

Ընդգծելով, որ սեպտեմբերի 17-ին կայացած ընտրություններին հենց իշխող «Քաղաքացիական պայմանգրի» թեկնածուն է ամենաշատ ձայները հավաքել՝ Ավինյանն ամբիոնից հայտարարեց՝ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունն իր ձայնը տվել է հեղափոխությանն ու ժողովրդավարությանը։

«Ուստի ցանկացած փորձ այդ ձայները կիսելու, ապապետական, կոռումպացված, հակաժողովրդավարական ուժերի հետ կնշանակի քաղաքացիների տված քվեի բռնազավթում, հակաժողովրդավարական ուժերի կողմից։ Մեր խմբակցությունը երբեք նման քայլի գնալ չէր կարող», - հայտարարեց Ավինյանը։

Նիստին զուգահեռ Երևանի քաղաքապետարանի շենքի մուտքի մոտ մի շարք նախաձեռնությունների ներկայացուցիչներ բողոքի ակցիա են իրականցնում՝ դիմելով ոչ իշխանական ուժերին․ - «Ձեր քաղաքական ուժին տրված վստահության քվեն պայմանավորված է եղել այդ ուժի ընդդիմադիր կեցվածքով և այն ակնկալիքով, որ չեք համագործակցելու և ձեր ձայները չեք օգտագործելու հօգուտ իշխանական ներկայացուցչի: Սույնով հիշեցնում ենք, որ մենք՝ ձեր ընտրողները, ներկայիս ռեժիմի հետ որևէ համագործակցության, «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության հաղթանակին որևէ կերպ նպաստելու մանդատ Ձեզ չենք տվել»։

Սեպտեմբերի 17-ին կայացած ընտրություններին ավագանի են անցել «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Հանրապետություն», «Հանրային ձայն» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը։ Փաստացի, «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է ձայների ամենաբարձր՝ 32.5 տոկոսը։

Երեկ Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքն ու Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթացը» հայտարարեցին, որ չեն մասնակցելու ավագանու այսօրվա նիստին՝ նոր ընտրությունների հասնելու նպատակով։

«Մայր Հայաստան» դաշինքը նաև կոչ արեց անցողիկ շեմը հաղթահարած ոչ իշխանական մյուս ուժերին ևս բոյկոտել նիստը՝ այդպիսով բացառելով «ՔՊ վերարտադրությունը մայրաքաղաքում և նախադրյալներ ստեղծելով Երևանում նոր ընտրությունների անցկացման համար»։

Իր թունդ հայհոյանքներով հայտնի նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանը, որի գլխավորած ուժը ամենաքիչ՝ 7 մանդատ կունենա ավագանիում, հայտարարել է, որ նոր ընտրությունների գնալ չի պատրաստվում, հետևաբար «Հանրային ձայն»-ը չի բոյկոտելու ավագանու նիստը։

Առանցքային է, թե ինչպես կքվեարկի Արամ Սարգսյանի «Հանրապետություն»-ը։ Այս կուսակցության ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանը նախօրեին «Ազատությանը» հայտնեց՝ թեկնածուի հարցով որոշում չունեն, բայց հստակ է՝ կմասնակցեն նիստին։

XS
SM
MD
LG