Մատչելիության հղումներ

Հայաստանցիները Google-ում ամենաշատը բուքմեյքերական ընկերություններ են փնտրում


Արխիվ
Արխիվ

Հայաստանցիները Google-ում ամենաշատը բուքմեյքերական ընկերություններ են փնտրում։ Տեխնոլոգիական հսկայի որոնումների վիճակագրությունը վկայում է՝ վերջին 12 ամիսների ընթացքում Հայաստանում ամենափնտրվող 5 բառերից 3-ը հենց բուքմեյքերների անուններն են։ Հարևան պետություններից և ոչ մեկում նման պատկեր չկա, թեև այս կայքերը Վրաստանում էլ են պահանջված, բայց թոփ եռյակում նման ընկերություն չկա։

Բուքմեյքերները հատկապես մարզերում են շատ փնտրում՝ Արագածոտն, Լոռի, Շիրակ։ Google-ի տվյալներով՝ այս մարզերում դրանց հանդեպ հետաքրքրությունը 3 անգամ մեծ է Երևանի ցուցանիշից։ Առանձին բնակավայրերի վիճակագրությունն էլ կա։ Այդ կայքերի անունները մեծ պահանջարկ ունեն օրինակ՝ Շիրակի Ազատան գյուղում, Մարալիկ քաղաքում, Տավուշի Հաղթանակում, Արագածոտնի Արագածավանում։

Կարելի է նաև ավելի երկար ժամակահատված նայել՝ վերջին 5 տարիների վիճակագրությամբ դարձյալ ամենափնտրվող 5 բառերից երեքը բուքմեյքերական ընկերություններն են։

Սրան նախորդող հնգամյակում՝ 2014-ից 19 թվականներին, պատկերն այլ էր. այդ տարիներին առաջատար դիրքերում սոցցանցերի անուններն էին՝ 25 ամենափնտրված բառերի շարքում դեռ բուքմեյքերական ընկերություններ չկային, քանի որ օնլայն խաղերը դեռ այդքան տարածված չէին։

Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» Արթուր Հովհաննիսյանն ընդունում է՝ մոլախաղերը չարիք են հայաստանցիների համար։ Սնկի պես աճող այս ոլորտը կարգավորելու համար վերջին տարիներին մի շարք օրենքներ ընդունվեցին, օրինակ՝ գովազդը սահմանափակեց։ Այս ընկերությունների շրջանառությունը, սակայն, վերջին տարիներին շարունակ աճում է՝ պաշտոնական տվյալներով՝ 2022-ին, օրինակ, Հայաստանում ավելի քան 14 միլիարդ դոլարի խաղադրույք է կատարվել, Հայաստանի ամբողջ ՀՆԱ-ի ավելի քան 65 տոկոսի չափով գումար է խաղարկվել։

«Շատ-շատերն իրենց ընտանեկան երջանկությունը, անձնական երջանկությունը, աշխատանքային երջանկությունը կորցնում են՝ ընկնելով այս խաղամոլության ճիրանները։ ՀՀ տնտեսության մեջ էլ բուքմեյքերական չափաբաժինը եթե նայենք, կհասկանանք, թե ինչ խնդրի հետ գործ ունենք», - ասում է նա։

Պատգամավորները, կառավարության անդամները և անձամբ վարչապետը վերջին շրջանում արդեն բացեիբաց են հայտարարում՝ օնլայն խաղերը նաև բանակ են հասել, ողբերգությունների կծիկը քանդելիս հաճախ պարզում են՝ պատմությունները երբեմն հենց խաղերից են սկսվում։

«Իրավիճակներ են լինում, երբ ինչ-որ դեպքեր են տեղի ունենում, այդ թվում՝ ծառայության ընթացքում, հետո հետաքննությունով գնում, պարզում ենք, որ դա կապ ունի խաղադրույքների, պարտքերի հետ», - ավելի վաղ ասել էր վարչապետ Փաշինյանը, տեղեկացնելով՝ ենթականերին հանձնարարել է օրենսդրական կարգավարումներ անել ու զինծառայողներին արգելել խաղալ։

Ու մինչև իշխանությունները մտածում են՝ ինչ մեխանիզմով Զինված ուժերն ազատել այս մոլախաղերից, քաղաքացիների տարբեր այլ խմբերին վերաբերող մի նախագիծ այս ամիս արդեն գործադիրի հավանությանն է արժանացել։

Կառավարությունը մտադիր է պետական սոցիալական աջակցության ու սուբսիդավորման ծրագրերից օգտվող քաղաքացիներին, սնանկ ճանաչվածներին, մեծ սպառողական վարկեր ունեցողներին ու կախվածություններից բուժվողներին արգելել խաղալ։

«Բայց կարևոր է ոչ թե սպառիչ ցանկը, այլ նա, որ մենք էլեկտրոնային այնպիսի համակարգ ենք ներդնելու, որը հնարավորություն է տալու ցանկացած դեպքում՝ նոր ռիսկ հայտնաբերելու դեպքում այդ սահմանափակումները կիրառել», - ասում է ՊԵԿ նախագահը։

Նախագիծը Պետական եկամուտների կոմիտեն է մշակել. ՊԵԿ նախագահի խոսքով՝ տեղեկատվական բազաների խնդիր էլ ունեն, չնայած շրջանառվող միլիարդավոր դոլարներին՝ պետության ունեցած վիճակագրությունը սահմանափակ է.

«Որպեսզի գնահատենք որևէ օրենքի ազդեցություն, պետք է ունենք պատշաճ վիճակագրություն, իսկ դրա համար մենք հիմա միայն օգտվում ենք հարկ վճարողների կողմից ներկայացվող հաշվետվություններում արտացոլված տվյալների հետ, որոնք, օրինակ, աճողական խաղադրույքների մասին են, բայց մենք չգիտենք, թե ինչքան է մեկ միջին օգտահաշիվը լիցքավորվում»։

Օրենքի ուժ ստանալու համար նախագիծը դեռ պետք է խորհրդարանի հավանությանը արժանանա։ Պատասխանատուները հայտարարում են՝ բուքմեյքերական կազմակերպությունների գործունեության ուղիղ արգելքը կարող է էլ ավելի վատ հետևանքների հանգեցնել՝ ստվերային հարթակներ, հսկողությունից դուրս խաղատներ և այլն, և հենց այս պատճառով են խաղամալության դեմ պայքարի այս՝ սահմանափումների ճանապարհն ընտրել։

XS
SM
MD
LG