Մատչելիության հղումներ

Մեկ տարվա գործընթացներից հետո «Վիվա-ՄՏՍ»-ը վաճառվել է Կիպրոսում գրանցված ընկերության


Մեկ տարի տևած գործընթացից, պետական մարմինների իրարամերժ հայտարարություններից հետո կապի օպերատոր «Վիվա-ՄՏՍ»-ը տեղեկացնում է՝ դադարում են ռուսական «ՄՏՍ»-ի մաս կազմել։ Ընկերությունը վաճառվել է Կիպրոսում գրանցված «FEDILCO GROUP LIMITED»-ին։

Չնայած սեփականատիրոջ փոփոխությանը՝ հայաստանյան «Վիվա»-ն նույն մարդիկ են ղեկավարելու։

«Վիվա-ՄՏՍ»-ը հաղորդագրությունում գործունեությունն է ներկայացնում՝ ավելի քան 2 միլիոն հաճախորդ, բարձր շահութաբերություն, սոցիալական ծրագրերի իրականացում և այլն։ Տեքստի վերջում էլ տեղեկացնում են՝ մտադիր են բաժնեմասերի 20 տոկոսը անհատույց փոխանցել պետությանը՝ հաշվի առնելով «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար»։

Ո՞րն է նման որոշման պատճառը, ինչո՞ւ անհատույց, կա՞ որևէ պայմանավորվածություն կառավարության հետ, որի մասին չեն բարձրաձայնում։ Այս հարցերին ընկերությունը չի անդրադառնում։

Այս գործարքը երկար նախապատմություն ունի, «Վիվա»-ն մեկ տարի առաջ էր դիմել բաժնետիրոջ փոփոխության հարցով, ընդ որում գնորդը նույնն էր։ Գարնանը, սակայն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը անհամաձայնություն հայտնեց գործարքին։ Ավելին՝ այն ժամանակ նույնիսկ հայտարարվեց՝ գործարքը կարող է վնասել Հայաստանի ազգային անվտանգությանը կամ պետական շահերին ու այդ հիմքով մերժվեց։ Հետո ընկերությունը դարձյալ դիմեց, և արդեն աշնանը ՀԾԿՀ-ն դրական եզրակացություն տվեց։

Ի՞նչ փոխվեց այս ընթացքում, վերացա՞ն ռիսկերը, թե՞ գուցե բաժնեմասերի 20 տոկոսի փոխանցման պայմանով է պետությունը համաձայնել։ Այս հարցերի հասցեատերը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է, ասում են հանձնաժողովից։

«Դրա վերաբերյալ դիրքորոշում հանձնաժողովն ստանում է արդեն իրավասու մարմնից, հետևաբար իրավասու մարմնի դիրքորոշման հիման վրա է մերժվել հայտը», - ասում է ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետի տեղակալ Արմեն Հունանյանը։

Նա պարզաբանում է՝ այսպիսի գործարքները թույլատրելուց առաջ նախ այն համաձայնեցնում են պատկան մարմնի հետ՝ ստանալով նախարարության գնահատականը ազգային անվտանգության և պետական շահերի վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ։

Պաշտոնյայի խոսքով՝ հայտն առաջին անգամ մերժելիս նախարարությունը որևէ կերպ չի հիմնավորել, թե կոնկրետ ինչ ռիսկեր է տեսել։ Նման դեպքերում փակագծեր բացելն ու մանրամասներ հայտնելն, ասում է, պարտադիր չէ։

«Ազատությունը» դիմել է ԲՏԱ նախարարություն ու հարցրել՝ ինչո՞ւ ու ինչպե՞ս են երկրորդ անգամ փոխել դիրքորոշումը։ Պատասխան դեռ չկա։ Ի դեպ, վերջին երկու տարում սա արդեն երրորդ դեպքն է, երբ խոշոր ընկերությունը բաժնեմասեր է փոխանցում կառավարությանը, նախորդը «Լիդիան Արմենիա»-ն ու «Զանգեզուր»-ի պղնձամոլիբդենայինն էին։

Մինչ այս գործարքը «Վիվա ՄՏՍ»-ի իրական շահառուն՝ 20 տոկոս բաժնեմասերով ռուս միլիարդատեր Վլադիմիր Եվտուշենկովն էր՝ Ֆորբսի վարկածով Ռուսաստանի 69-րդ ամենահարուստ մարդը։ Այլ իրական շահառուների անուններ պետռեգիստրում նշված չեն, քանի որ միջանկյալ ընկերությունները ֆոնդային բիրժաներում են գործում, այսինքն՝ կապիտալը ազատ շրջանառության մեջ էր։

Գործարքի արժեքի մասին որևէ տվյալ չկա, ասում են՝ առևտրային գաղտնիք է։

«Վիվա»-ն տեղեկացնում է՝ 2022-ին գրանցված «Fedilco Group Limited»-ի իրական շահառուները Չժե Ջանգն և Կոնստանտին Սոկոլովն են, ընկերությունը նրանց որպես պրոֆեսիոնալ ներդրողներ է ներկայացնում՝ հեռահաղորդակցության, ֆինանսների, էներգետիկայի և ակտիվների կառավարման ոլորտներում գործունեության հարուստ փորձով։ Նրանց մասին այլ մանրամասներ առայժմ չի հաջողվել պարզել։

XS
SM
MD
LG