Մատչելիության հղումներ

Ալիևը՝ հոլիվուդյան ֆիլմի հերոս․ սենսացիա չկա, պնդում է կրեմլամետ սցենարիստը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույցի ժամանակ, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույցի ժամանակ, արխիվ

Իմիջը բարելավելու ջանքերն Իլհամ Ալիևին Հոլիվուդ են հասցրել։
Հետաքննող լրագրողները պարզել են, որ Ադրբեջանի առաջնորդը ցանկանում է նույն կադրում հայտնվել մի շարք բռնապետերի հետ հարցազրույցներ վարած ամերիկացի հայտնի ռեժիսոր Օլիվեր Սթոունի հետ։

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի՝ OCCRP-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը փաստում են, որ ուկրաինական արմատներով կրեմլամետ ռեժիսոր Իգոր Լոպատենոկը Ադրբեջանի առաջնորդի մասին ֆիլմի սցենար է պատրաստել, որում Ալիևի հետ հարցազրույց է վարելու Օլիվեր Սթոունը։

Հոլիվուդյան աստղն արդեն իսկ ունի բռնապետերին գոհացնող վիճահարույց հարցազրույցների պատկառելի փորձ, անցած տարիներին նա նկարահանվել է նաև Պուտինի և Նազարբաևի հետ։
Իսկ Լոպատենոկը, OCCRP-ի փոխանցմամբ, նաև Թուրքիայի նախագահի, ինչպես նաև Բելառուսի երկարամյա ղեկավարի մասին է ֆիլմի սցենար հեղինակել։

«Վլադիմիր Պուտինին, Ալեքսանդր Լուկաշենկոյին և Իլհամ Ալիևին մեղադրում են սեփական քաղաքացիների նկատմամբ սարսափելի հանցանքներում։ Սակայն այնտեղ, որտեղ աշխարհը դաժան բռնապետերի է տեսնում, Իգոր Լոպատենոկը հնարավորություններ է տեսնում», - գրում է հետաքննող լրագրողներին միավորող հեղինակավոր լրատվամիջոցը։

Արտահոսած փաստաթղթերից պարզ չէ՝ երբ է նկարահանվելու Ալիևի մասին ֆիլմը, բայց մանրամասներ կան դրա նպատակների մասին․ ռեժիսորն ավտորիտար առաջնորդին «առաջարկել է բարձրացնել հեղինակությունը միջազգային հարթակներում»։

«Պրեզենտացիաներից մեկում (այն երկու վերնագիր ունի՝ «Օլիվեր Սթոունի վավերագրական ֆիլմը» և «Իլհամ Ալիևի և Ադրբեջանի մասին») ասվում է, որ Սթոունը «դեմ առ դեմ կհանդիպի» երկրի առաջնորդին և կքննարկի ոչ միայն նրա «նախագահության ուղին , այլև Ադրբեջանի վառ ու հրապուրիչ պատմությունը», - մեջբերում են OCCRP-ի լրագրողները։

Ընդ որում՝ սցենարում հեղինակն ընդգծում է՝ էկրանավորումը «բացառիկ դրական ազդեցություն կունենա Ադրբեջանի և նախագահի հանրային կերպարի վրա»։

Ալիևն իշխանությունը հորից է ժառանգել 20 տարի առաջ, կնոջն իր տեղակալ է նշանակել, Սահմանադրությունից հեռացրել է երկու անգամից ավելի առաջադրվելու արգելքը, մեկ ամիս առաջ էլ հինգերորդ անգամ վերընտրվեց նախագահի պաշտոնում։ Նրա ղեկավարած երկրում ազատությունները խիստ սահմանափակ են, ճաղերի ետևում ավելի քան 200 քաղբանտարկյալ կա, այդ թվում՝ տասնյակ լրագրողներ: Իրավապաշտպան կազմակերպություններն Ադրբեջանում ազատությունների մակարդակը համեմատում են Աֆղանստանի, Սուդանի, Տաջիկստանի հետ։ Բազմաթիվ լրագրողական հետաքննություններ փաստում են, որ էներգառեսուրսներով հարուստ երկրում իշխող ընտանիքին են պատկանում խոշոր, այդ թվում՝ նավթարդյունաբերական ընկերություններ։

OCCRP-ն անցած տարիներին պարզել է տարբեր օֆշորներում Ադրբեջանի իշխող ընտանիքի թաքցրած հսկայական ունեցվածքը և արևմտյան քաղաքական գործիչներին կաշառելու Բաքվի հնարամիտ սխեմաները։

Օլիվեր Սթոունը, մինչդեռ, այս հարցերը չի քննարկի Ալիևի հետ, այլ՝ «Ալիևների «դինաստիայի կողմից կառավարվող երկրի «հաջողությունը»։

Լրագրողները նկատում են, որ ֆիլմի սցենարը հարցեր չի թողնում հարցազրույցի բովանդակության վերաբերյալ․ - «Ալիևը ներկայացվում է որպես «հոր արժանի ժառանգորդ», «իմաստուն առաջնորդ»։
«Իսկապե՞ս կառավարման մոդելը, որն ընտրել են Ադրբեջանի իշխանությունները այդքան վատն է։ Կարո՞ղ եք ներկայիս կառավարման համակարգն անվանել «անձի պաշտամունք»։ Թե՞ ժողովուրդը պարզապես հարգում է իր առաջնորդին, որը երկիրը դուրս է բերել աղքատությունից և վերածել ծաղկող ու զարգացող պետության», - նշված է արտահոսած փաստաթղթում։

OCCRP-ի հետ զրույցում Լոպատենոկը հաստատել է՝ Սթոունը տեղյակ է բռնապետների մասին սցենարներից (ռեժիսորը նրանց անվանել է իր «հերոսները»): «Դրանում որևէ սենսացիա չկա», - ասել է ռեժիսորը և հետաքննող լրագրողների հասցեին սպառնալիքներ հնչեցրել։

Ինքը՝ հոլիվուդյան աստղը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է իր ներգրավվածությունը Լոպատենոկի հեղինակած աղմկահարույց կինոնախագծերում։

«Ես նաև աշխատում եմ գործընկերների հետ մեկ այլ գեղարվեստական ֆիլմի վրա, որի թեման գաղտնի է մինչև բուն նկարահանման համար պատրաստ լինելը», - X-ում գրել է Օլիվեր Սթոունը:

Արտահոսքի համաձայն՝ այս էկրանավորման արժեքը 15 միլիոն դոլար է, ինչը, OCCRP-ի գնահատմամբ եռակի բարձր է Ղազախստանի նախկին առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևի մասին ֆիլմի արժեքից։
Լրագրողները նշում են, թե արտահոսած փաստաթղթերից պարզ չէ՝ որ փուլում է ֆիլմի նախագիծը։

«Մենք չենք խոսում փաստագրական ֆիլմի մասին, մենք խոսում ենք ֆիլմի մասին, որն ունի մեկ նպատակ՝ մաքրել բռնապետերի համբավը», - ընդգծում է հետաքննության համահեղինակ Վյաչեսլավ Աբրամովը՝ խնդրահարույց համարելով «Հոլիվուդի էթիկական չափանիշները»։

«Կարծում եմ, որ նման ֆիլմն արտացոլում է իմիջի «լվացմանն» ուղղված գործունեությունը՝ մշակույթի, սպորտի (մասշտաբային), միջազգային միջոցառումների, կոնֆերանսների միջոցով», - նշում է Նյու Յորքի Բարնարդ քոլեջի քաղաքագիտության պրոֆեսոր Ալեքսանդր Քուլին։

Պրոֆեսորը նկատի ունի «Ֆորմուլա-1» մրցաշարը, Իսլամական համերաշխության խաղերը, երաժշտական մի շարք խոշոր միջոցառումներ, որոնք պաշտոնական Բաքուն կազմակերպում է՝ չթաքցնելով, որ նպատակը երկրի միջազգային հեղինակությունը բարձրացնելն է։

Քուլիի խոսքով՝ հետխորհրդային երկրների առաջնորդները հաճախ են փորձում ներկայանալ «բարեփոխիչի կերպարում»։ «Նման կառավարիչները միշտ ունեն լոբբիստներ, սակայն հեղինակության լվացումն ավելի մեծ կշիռ և վստահություն է հաղորդում արդիականացման մտադրությունների վերաբերյալ նրանց պնդումներին», - ընդգծել է պրոֆեսորը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG