Մատչելիության հղումներ

Ոստիկանները հեռացան Կիրանցից


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Այն պահից, երբ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը հայտարարեց սահմանազատման գործընթացի դադարեցման իր տեղեկությունների մասին, ոստիկաններն ու բերետավորները հեռացան գյուղի տարածքից։

Այս պահին ոստիկաններ չկան անգամ գյուղ տանող ճանապարհներին։ Միայն Խեյրիմլի տանող մուտքին մեկ պարեկային ծառայության մեքենա կա։

Այսօր առավոտյան Կիրանցում ավելի մեծ թվով ոստիկաններ էին տեղակայվել նախորդ օրերի համեմատ։ Կեսօրին մոտ, երբ գյուղից ընդամենը մետրեր հեռու մարդիկ նկատվեցին, որոնք ենթադրաբար սահմանազատման հետ կապված աշխատանքներ էին իրականացնում, ոստիկանները պատ կազմեցին այդ հատված տանող մուտքի մոտ։

Ապա վարչական ղեկավարը եկավ ու գյուղացիների մոտ հայտարարեց՝ իրավապահները հնարավորություն են տվել իրեն լինել սահմանազատվող հատվածներում և անձամբ դիտարկել արդեն իսկ տեղադրված սյուները: Շահինյանն ասաց, որ այդ պահի դրությամբ արդյունքները գոհացուցիչ են իր համար, նշեց, որ այն 57 սեփական հողատարածքները, որոնց մասին մտավախություններ էին հայտնում գյուղացիները, թե դրանք սահմանազատման արդյունքում կարող են անցնել Ադրբեջանին՝ մոտավորապես 9 հա տարածքի մասին է խոսքը, տվյալ պահի դրությամբ 11 սահմանային սյուների տեղադրման արդյունքում դեռևս մնում են Հայաստանի վերահսկողության տակ:

«Ասենք, էդ ինչ որ ես տեսել եմ ու պատկերացրել եմ, որ ավելի վատը կլնի, դեպի դրականն ա էղել էդ ամեն ինչը, նույնիսկ էկած մինչև 15 կետը, որը որ իրանց գյուղի համարյա 25 տոկոսի մեջ, այսինքն՝ իրանց գյուղից մի 25 տոկոս էլ անցնում ա մեզ: Էդ ձև ա: Մենք ունեինք էդ բարձունք՝ Խաչիյալ կոչվող, որը որ հենց ուղիղ խաչի վրա էր էդ կետը, ըտեղից մի 25 մետր իջեցրել են: Հիմա մնում ա մեր էս քիթը՝ գյուղի մասը, ամենացավալի, ամենաէնէնէն: Այ պատկերացրեք՝ մենք այ էն հողերը, որ 9 հեկտար ու կես կորցնում էինք, էդ էլ իջեցված ա գետովը, ասենք՝ չի անցնում, մեր հողերից ոչ մի սանտիմետր ըտեղ չի անցնում: Ընդեղ հետևի մասում ինչ-որ մի երեք սեփականաշնորհված հողեր կան՝ 4 հազար 500 մետրանոց, ասենք՝ տոչկեքը որ խփվել ա, եթե ուղիղ գծով ես վերցնում, մեջն ա ընկնում, բայց ասեցին, որ դա էլի մե՛ր տարածք են քցելու», - մանրամասնեց Կամո Շահինյանը:

«Հիմա սպասում ենք գյուղի և կամրջի մասով, որը որ սառեցված ա, էս պահին երևի թե, չգիտեմ, բանակցությունների, բանով, թե ոնց կլնի...», - նշեց վարչական ղեկավարը:

«Հիմա թողել են գնացել», - հարցին ի պատասխան ասաց Շահինյանը:

Այսօր թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասուլիսի ժամանակ, և թե՛ Կիրանցի վարչական ղեկավարը՝ գյուղում, տեղեկացրեցին, որ սահմանազատման գործընթացի դադարեցումը կապված է հենց այդ կետերը քննարկելու հետ, և նշեցին, որ սահմանազատման գործընթացը կվերսկսվի միայն լիարժեք քննարկելուց և համաձայնության հասնելուց հետո:

XS
SM
MD
LG