Մատչելիության հղումներ

Բագրատ սրբազանն արձագանքում է վարչապետին. «Պատերազմի մունետիկն ինչպե՞ս կարող է մեղադրել»


«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի Երևան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի Երևան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները օրվա երկրորդ կեսին հասան Չարենցավան։

Երթը մեկնարկել է Կիրանց գյուղից չորս օր առաջ։ Նրանք մտադիր են մայիսի 9-ին հասնել Երևան։ Շարժման պահանջն է կասեցնել սահմանազատման գործընթացը, պարտադրել իշխանությանը դադարեցնել այն։

Արձագանքելով վարչապետի այսօրվա մեղադրանքներին, թե սահմանազատման կասեցման պահանջ ներկայացնողները պատերազմ են հրահրում Հայաստանի դեմ և սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասաց. - «Արձագանքելիք ոչ մի հարց չունեմ։ Նայեք, այն մարդը, որ այսքան ժողովրդին անձրևների տակ, իրենց սրտի ճիչով, կանչով, մեզ էլ հետը համարում է նարկոբարոնների, գործակալների... այն մարդը, որ մեզ այդպիսի պիտակավորումներ է տալիս, լինելով երկրի ղեկավար, ես այն մարդու ասածներին ոչ մի գրամ անդրադառնալու խնդիր չունեմ։ <>

Ամոթ, պատերա՞զմ ենք հրահրում։ Պատերազմը երևի ինքն արդեն պայմանավորվել է։ Այս երթը ինքնամաքրվելու, ինքնաճանաչողության մասին է։ Ինչո՞ւ են վախենում այդ մարդիկ։ Մենք դուրս ենք եկել, մեզ համար մեր երկրում քայլում ենք, գնում ենք ոտքով, ուխտի ենք գնում, ինքնամաքրվում ենք։ Բա որ չեն վախենում, ինչո՞ւ են այդ մակարդակով մեզ մեղադրում։ Ինչի՞ մեջ են մեղադրում, չեմ հասկանում։ Ախր պատերազմի մունետիկը ինչպե՞ս կարող է պատերազմ հրահրելու մեջ մարդկանց մեղադրել, ինչպե՞ս։ Իր գործը չի՝ մեր պահանջն ինչ է»։

Հարցին, թե սա նշանակում է, որ լուրջ չեն վերաբերվում, արքեպիսկոպոս Գալստանյանը պատասխանեց՝ բացարձակապես։

Իսկ արդյոք իշխանափոխության պահանջ դնելո՞ւ են՝ սրբազանն ասաց. - «Բայց մենք իշխանություն ունե՞նք, որ հլը փոխության պահանջ էլ հնչի։ Իշխանության գոյությունը պայմանավորված է երկրի անվտանգությամբ, բանակցությունների սեղանին իրենց ջանքը դնել, որ երկիրն անվտանգ լինի, ճիշտ ճանապարհով գնա, որ մարդիկ ստորացած, նվաստացած չլինեն»։

Հայաստանի կործանման գործընթացն այդ սյուներով սկսվում է. Գառնիկ Դանիելյան

Մինչ շարժման մասնակիցները հայտարարում են, որ իրենց նպատակն է կասեցնել սահմանազատման գործընթացը, Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսին հայտարարել է, որ սահմանազատման աշխատանքների 90 տոկոսն իրականացված է։

Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որ այս օրերին Տավուշում է եղել, հիմա էլ շարժման շարքերում է, «Ազատության» հետ զրույցում արձագանքեց Փաշինյանի վերանշյալ պնդմանը։

«Այդ սահմանազատումը, որ ասում է, սահմանազատում չէ, եթե դու սյուն ես տեղադրում, այդ սյունը տեղադրելուց հետո Հայաստանն անվտանգ չի լինելու, անգամ ինքն է ասել, որ այդ սյուները, որ տեղադրում ենք, չի երաշխավորում մեր անվտանգությունը։ Եթե ինքն այսօր ասել է, որ անվտանգ է, ինքը ստում է, որովհետև մարդկանց աչքերին ուղիղ նայել է, նաև մեր աչքերին է նայել Ազգային ժողովում, փակ քննարկման ժամանակ էլ ենք այդ հարցերն ուղղել, այսինքն՝ եթե սյուները տեղադրվել են, ինչո՞ւ է Կիրանցի բնակչին ասում՝ ես չեմ երաշխավորում ձեր անվտանգությունը։ Ինչքան պահանջ Ադրբեջանը ներկայացրեց, այդքան պահանջ այս իշխանությունները կատարելու են։ Եթե դուք մտածում եք՝ մի քանի սյուն տեղադրելով այս գործընթացն ավարտվում է, չի ավարտվում, Հայաստանի կործանման գործընթացն այդ սյուներով սկսվում է», - նշեց պատգամավորը։

XS
SM
MD
LG