Մատչելիության հղումներ

«Փոքրամասնության իշխանությունը պետք է հեռանա»․ Մարության


Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարության, արխիվ
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարության, արխիվ

«Փոքրամասնության իշխանությունը պետք է հեռանա». - նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը, որ երեկ բոյկոտել էր ավագանու անդրանիկ նիստը, Տիգրան Ավինյանի քաղաքապետ ընտրվելուց ժամեր անց գրառում արեց Ֆեյսբուքում, շեշտելով՝ ընդդիմությունը ռեալ շանս ուներ մերժելու «Քաղաքացիական պայմանագրին»՝ բոյկոտելով նիստը, կանխելով ՔՊ վերարտադրությունը Երևանում, ինչը, սակայն, տեղի չունեցավ։

«Բայց «Հանրապետություն» կուսակցությունը ցույց տվեց, որ իրականում ընդդիմություն չէ, և ընտրեց ՔՊ թեկնածուին։ Այսինքն, արձանագրենք, որ «Հանրապետություն» կուսակցությանը ձայն տվողները ընտրել են ՔՊ-ին։ Ինչ վերաբերում է «Հանրային ձայն»-ին, ապա այս կուսակցությունը նախ իր ձայները փորձում էր վաճառել ընդդիմությանը՝ փոխարենն ինչ-որ պաշտոններ ուզելով։ Մենք դեռ այն ժամանակ հայտարարեցինք, որ այդ առաջարկը անօրինական է», - գրել է Մարությանը, շեշտելով՝ թեև «Հանրային ձայն»-ը դեմ քվեարկեց Ավինյանի թեկնածությանը, բայց իր ներկայությամբ փաստացի աջակցեց ՔՊ-ին։

Արգիշտի 1 որպես քաղաքապետ մտնելու համար Ավինյանին 3 ձայն էր պակասում, դա էլ «Հանրապետություն» կուսակցությունը լրացրեց։ Ընդդիմադիր ուժն իշխանության հետ կոալիցիոն հուշագիր ստորագրեց։ Քաղաքապետի պաշտոնը ստանձնած Տիգրան Ավինյանը երեկ, սակայն, չհստակեցրեց՝ արդյոք «Հանրապետության» ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանը կնշանակվի՞ փոխքաղաքապետ։ «Ազատություն»-ը քաղաքապետարանից այսօր ևս փորձել է ճշտել՝ ինչպես են բաշխվելու պաշտոնները։ Առայժմ պատասխան չենք ստացել։

«Հանրային ձայն» կուսակցության 7 անդամներից երեկ քվեարկությանը մասնակցել են 5-ը` դեմ քվեարկելով Ավինյանին։ Բացականերից Արտակ Գալստյանն անազատության մեջ է, Տիգրան Ուրիխանյանը՝ հետախուզման։ Կուսակցության առաջնորդ, «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանին առաջադրված մեղադրանքն էլ քարոզարշավի ընթացքում ծանրացվել է։

«Միակ բանը, որ այս իմաստով պետք է պարզել, այն է, թե ինչ է ուզել և ինչ է ստացել «Հանրային ձայն»-ը ՔՊ-ից՝ իր աջակցության դիմաց», - սոցիալական ցանցում արված իր գրառման մեջ հարց է բարձրացնում Հայկ Մարությանը։

Հետախուզվող նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանը, հակադարձելով պնդմանը, թե իր ուժն է Ավինյանին քաղաքապետ դարձրել, բոյկոտող ուժերին հարց է տվել՝ «ինչո՞ւ չեկաք նիստին և Ավինյանին դեմ չքվեարկեցիք, ինչո՞ւ Ավինյանի ընտրվելուց հետո հիմա վայր չեք դնում մանդատները»։

«Գայիք նստեիք, դեմ քվեարկեիք, թող Տիգրան Ավինյանը չանցներ, խի՞ չեկաք։ Դո՛ւք դարձրիք, ոչ թե ես», - հայտարարել է Ղուկասյանը։

Այդուհանդերձ, մեկ թեկնածուի դեպքում նույնիսկ եթե առաջին փուլով Ավինյանը չէր անցնում, ապա երկրորդ փուլով նա կընտրվեր։ «Հանրապետություն»-ն ու ՔՊ-ն միասին ունեն 32 մանդատ, ընդդիմադիր մյուս երեք ուժերը թեև 33 մանդատ ունեն, սակայն փաստացի 31 հոգի կարող է քվեարկել, քանի որ «Հանրային ձայն»-ից երկու հոգին բանտարկված լինելու ու հետախուզվելու պատճառով նիստին չեն կարող մասնակցել։

«Հաղթեց ժողովրդավարությունը, հաղթեց ընտրողը»․ - ավագանու ընտրություններին երեկ Հանրայինին տված հարցազրույցում անդրադարձավ նաև «Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ընտրություններին երևանցիների աննախադեպ ցածր մասնակցությունն ու ձայների բաշխման համամասնությունը մտածելու տեղիք տալիս են, ընդունեց նա, բայցև պնդեց՝ հաղթել է հեղափոխությունը․ - «Այն, որ այս ընտրությունների արդյունքները, ըստ էության, կանխորոշվեցին 50-ից 150 քվեի հաշվարկի արդյունքում, ի ցույց դրեց մեր անսասանելի հավատարմությունը 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արժեքներին, ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և ժողովրդի կամքի նկատմամբ անառարկելի և անքննարկելի հարգանքը»։

Ընդդիմադիր Հայկ Մարությանի առաջնորդած քաղաքական ուժը թեև պնդում է, որ փոքրամասնության իշխանությունը պետք է հեռանա, այդուհանդերձ, «Ազգային առաջընթաց»-ը 14 մանդատով կգնա նիստերին։

12 մանդատ ստացած, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Անդրանիկ Թևանյանի ղեկավարած ընդդիմադիր մյուս քաղաքական ուժը՝ «Մայր Հայաստան»-ը, որը նույնպես երեկ բոյկոտել էր նիստը, մինչև այս պահը որևէ մեկնաբանություն չի արել Ավինյանի՝ քաղաքապետ ընտրվելու և իր հետագա քայլերի մասին։

Տիգրան Ավինյանի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին։ Ընդ որում՝ լրատվամիջոցների մուտքը քաղաքապետարան նախատեսված չէ։

«Փոքրամասնության իշխանությունը պետք է հեռանա»․ Մարության
please wait

No media source currently available

0:00 0:04:22 0:00

XS
SM
MD
LG